Բարեկենդան

Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։

Էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում։

Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը մարդուն, ու միշտ կռվելիս են լինում։

Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն։

Կինը բարկանում է.

— Ա՛յ, որ ասում եմ հիմար ես, չես հավատում, էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել, հորդ քե՞լեխն ես տալիս, թե տղիդ հարսանիքն ես անում։

— Ի՞նչ քելեխ, ի՞նչ հարսանիք, այ կնիկ, ի՛նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի համար է։

Կինը հանգստանում է, տանում է պահում։

Անց է կենում միառժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի։ Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում է մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում։ Ձեռը դնում է ճակատին ու ձեն տալի.

— Ա՛խպեր, ա՛խպեր, հալա մի կանգնի։

Տղեն կանգնում է։

— Ա´խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս։

Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է՝ հա՛ ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի։

— Հա, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում։

— Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չենք, որ քո եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞… չես ամաչո՞ւմ… Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում…

— Դե էլ ի՜նչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տունն էի ման գալի, չէի գտնում։

— Դե արի տար։

Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը դեպի իրենց գյուղը։

Մարդը գալիս է տուն, կնիկն ասում է.

— Հա , էն բարեկենդանն եկավ, իր բաները իրեն սևցրի տարավ։

— Ի՞նչ բարեկենդան… ի՞նչ բաներ…

— Ա՛յ էն եղն ու բրինձը… Մին էլ տեսնեմ՝ վերևից գալիս է. մեր տունն էր ման գալի, կանչեցի, մի լավ էլ խայտառակ արի, շալակը տվի տարավ։

— Վայ քու անխելք տունը քանդվի, որ ասում եմ հիմար ես՝ հիմար ես էլի… Ո՞ր կողմը գնաց։

— Այ էն կողմը։

Էս մարդը ձի է նստում, ընկնում բարեկենդանի ետևից։

Ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անում, տեսնում է՝ մի ձիավոր քշած գալիս է։ Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի։

Գալիս է հասնում իրեն։

— Բարի օր, ախպերացու։

— Աստծու բարին։

— Հո էս ճամփովը մարդ չի անցկացա՞վ։

— Անցկացավ։

— Ի՞նչ ուներ շալակին։

— Եղ ու բրինձ։

— Հա, հենց էդ եմ ասում։ Ի՞նչքան ժամանակ կլինի։

— Բավականին ժամանակ կլինի։

— Որ ձին քշեմ՝ կհասնե՞մ։

— Ո՞րտեղից կհասնես, դու ձիով, նա ոտով։ Մինչև քու ձին չորս ոտը կփոխի՝ մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս, նա երկու ոտով մե´կ-երկո´ւ, մե´կ-երկո´ւ, մե´կ-երկո´ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա։

— Բա ի՞նչպես անեմ։

— Ինչպես պետք է անես, ուզում ես, ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես։

— Հա՜, էդ լավ ես ասում։

Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։ Սա հեռանում է թե չէ, բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում։

Էս մարդը ոտով գնում է, գնում, տեսնում է չհասավ, ետ է դառնում։ Ետ է դառնում, տեսնում՝ ձին էլ չկա։ Գալիս է տուն։ Նորից սկսում են կռվել, մարդը եղ ու բրնձի համար, կնիկը ձիու։.

Մինչև օրս էլ էս մարդ ու կնիկը կռվում են դեռ։ Սա նրան է ասում հիմար, նա սրան, իսկ բարեկենդանը լսում է ու ծիծաղում։

Թագավորի նոր զգեստը

                               Հանս Քրիստիան Անդերսեն

 

Այս թագավորության թագավորը հայտնի էր իր զգեստապաշտությամբ։ Նորաձևության գիտակ էր, շքեղության ջատագով, նրան ամեն օր նույն զգեստով տեսնելն ուղղակի անհնար էր։

Այլ ագավորություններից ժամանած խարդախները թագավորի  արքունիքին փոխանցում են, որ թագավորություն են եկել աշխարհի հայտնի ամենատաղանդավոր դերձակները, որոնք կախարդական կտորներից են զգեստենր կարում և այդ զգեստները կարող են տեսնել միայն խելոքները։

Թագավորին միանգամից հետաքրքրում է այդ նոր կտորի գոյությունը և նա խարդախ-դերձակներին հրավիրում է պալատ ու հրահանգում իր համար կախարդական կտորից մի զգեստ կարել։ Դերձակները զգուշացնում են, որ կտորն ունակ են տեսնել միայն խելացի մարդիկ, հիմարները զգեստը տեսնել չեն կարող։ Խարդախների առաջարկով ոգևորված ու խաբված թագավորը պալատում տեղ է հատկացնում եկվորներին ու հանձնարարում արքունականներին ամեն կերպ աջակցել նրանց։ Երբ աշխատանքը սկսվում է թագավորը ժամանակ առ ժամանակ իր ենթականերին ուղարկում է դերձակների մոտ, որպեսզի ճշտեն, թե ինչպե՞ս են անում իրենց գործը։

Հպատակները մտնելով դերձակների սենյակ կարի սեղանիկին ոչինչ չեն տեսնում, ոչ մի զգեստ, սակայն հիմար չթվալու համար վերադառնում են թագավորի մոտ ու ասում, որ զգեստն ուղղակի շքեղ է, փոռիկներով ու գույնզգույն փայլերով։ Ամբողջ թագավորությունով մեկ խոսքը փաստ է դառնում, և բոլորին հասնում է, որ միայն խելացիները կարող են տեսնել զգեստը, որը շուտով պիտի հագնի թագավորը։

Երբ դերձակ-խարդախները հայտարարում են, որ զգեստը պատրաստ է, գնում են թագավորի մոտ, որպեսզի նրան հանձնեն անտեսանելի հագուստը։

Սակայն թագավորը դերձակների բերած զեստը չի տեսնում և ամաչում է ամբողջ թագավորության աչքին հիմար երևալ ու սկսում է գովել անտեսնալի զգեստը, ապա հագնում է գոյություն չունեցող հագուստն ու դուրս է գալիս ժողովրդի մոտ։

Մի ամբողջ ժողովուրդ հիմարի տպավորություն չթողնելու համար ցնծությամբ է դիմավորում թագավորին ու գովաբանում նրա  զգեստը, որն իրականում գոյություն չուներ։

Թագավորը պարզապես մերկ էր։

Որոշ ժամանակ անց մի մանուկ դուրս է վազում թագավորի առաջ ու գոռում։

— Ախր թագավորը մերկ է։

Հավաքվածներն իսկույն սկսում են փսփսալ ու անկեղծանալով հաստատում, որ թագավորն իրոք մերկ է։ Դրան հաջորդում է ծիծաղն ու աղաղակը, թագավորի հետ չհամաձայնվելու կամ նրան ծաղրելու համար մեղադրվելու վախը վերանում է, իսկ թագավորը մտածում է․

— Սրանք բոլորը հիմար են, իսկ ես պիտի գնամ մինչև վերջ։

Ու քիթը ցցած նա առաջ է անցնում, հետևից քարշ տալով հպատակներին, որոնք բռնել էին գոյություն չունեցող զգեստի փեշերը։