Անտեսանելի Տոնինոյի արկածները

 

Իմ սիրած   հատվածը

Հիմա Տոնինոն հասկացավ,որ կյանքում միայն ուրախ և հետաքրքրաշարժ բաներ չէ որ լինում են։Դժվարություններ էլ են պատահում,լինում են և հիմար խնդիրներ և ձանձրալի շարադրություններ։Իսկ ի՞նչ բան է դժվարությունը։Չէ՞ որ դժվարությունը արգելք է,որի վրայով պետք է թռչել։Թռար՝ անմիջապես կլինես սիրելի ընկերների շրջապատում,թռար՝ անմիջապես կհայտնվես նստարանի վրա և ուշադիր կլսես ուսուցչի հանգիստ խոսքը։Թռար՝ կլինես տանը, հարազատներիդ հետ։<<Ինչքա՜ն լավ է միշտ լինել ուրիշների հետ,-մտածեց Տոնինոն․-միշտ և ամենուր՝ տանը,դպրոցում,բակում>>։                                                                                                      Միշտ լինել բոլորի հետ և ամեն ինչ միասին անել։ Աշխարհում մենակությունից վատ բան չկա։Նա փորձեց այդ անտեսանելի եղած ժամանակ և գիտի,թե դա ի՞նչ բան է։

Հերոսները                                                                                                                  Տոնինո,ով  այս գրքի գլխավոր հերոսն է,ով չի սիրում սովորել,ով երազում էր անտեսանելի դառնալ։                                                                                                                                                        Ռոբերտո Կաստ՝ Տոնինոյի դասընկեր։                                                                                                    Մոտտա՝  Տոնինոյի դասընկեր։                                                                                                                Պալլոտի՝ ում մեղադրում էին քազցրավենիքի գողության։                                                                      Ալբերտո՝Տոնինոյի փոքր եղբայրը։                                                                                                         Պառլա՝ այն աղջիկն է, ով տեսավ անտեսանելի Տոնինոյին։                                                                                                                                             Իմ կարծիքը                                                                      Այս գիրքը շատ սովորեցնող է,սովորեցնում է այն ,որ միայնակ մարդը  չի կարող  երջանիկ լինել և լիարժեք,որ դժվարությորնները մարդու համար են ,և անտեսանելի լինելը դա դեռ չի նշանակում,որ ազատվում ես բոլոր դժվարություններից։Մարդը լիարժեք կարող է իրեն  համարել ,երբ իր կողքին կա ընտանիք,ընկերներ և լավ մարդիք։

Խոսող ձուկը

Լինում է, չի լինում մի աղքատ մարդ։ Էս աղքատ մարդը գնում է դառնում մի ձկնորսի շալակատար։ Օրական մի քանի ձուկ է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքն ու կինը։

Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկ է բռնում, տալիս իր շալակատարին, որ պահի, ինքն էլ ետ ջուրն է մտնում։ Էս շալակատարը գետափին նստած՝ նայում է նայում էն սիրուն ձկանն ու միտք անում.

-— Տեր աստված,— ասում է,— սա էլ, որ մեզ նման շունչ կենդանի է, դու ասա՝ սա՞ էլ մեզ նման ծնող ունի, ընկեր ունի, աշխարհքից բան է հասկանում, ուրախություն կամ ցավ է զգում՝ թե չէ…

Հենց էս մտածելու ժամանակ ձուկը լեզու է առնում.

— Լսի ,— ասում է,— մարդ-ախպեր։ Ընկերներիս հետ ես խաղում էի գետի ալիքների մեջ։ Ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուռկանը։ Հիմի, ով գիտի, իմ ծնողն ինձ որոնում է ու լաց է լինում, հիմի ընկերներս տխրել են։ Ես էլ, տեսնում ես, ինչպես եմ տանջվում, շունչս կտրում է ջրից դուրս։ Ուզում եմ էլ ետ գնամ ապրեմ ու խաղ անեմ նրանց հետ էն պաղ ու պարզ ջրերում։ Էնպես եմ ուզում, էնպես եմ ուզո՜ւմ… Եկ խեղճ արի, ազատ արա ինձ, բա´ց թող, բա´ց թող գնամ…

Էսպես էր ասում ցա՜ծ, շատ ցա՜ծ ձենով, ցամաքած բերանը թաց ու խուփ անելով։

Էս շալակատարի մեղքը գալիս է, առնում է ետ գցում գետը։

— Գնա, սիրուն ձկնիկ, թող լաց չլինի քո ծնողը։ Թող չտխրեն քո ընկերները։ Գնա ապրի ու խաղ արա նրանց հետ։

Ձկնորսը սաստիկ բարկանում է շալակատարի վրա։

— Տո՛ ախմախ,— ասում է,— էստեղ ջրի մեջ թրջվելով ձուկն եմ բռնում, դու իմ աշխատանքն առնում ես էլ ետ ջուրը գցո՞ւմ… Դե գնա կորի, էլ իմ աչքին չերևաս, էլ իմ շալակատարը չես էս օրից, գնա սովից մեռի։

Ձեռի տոպրակն էլ խլում է ու ճամփու դնում։

— Հիմի ես ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ, ո՞նց ապրեմ…— տարակուսած մտածելով դառն ու դատարկ վերադառնում է աղքատը դեպի տուն։

2

Էս տխուր մտածմունքի ժամանակ ճամփին դեմը դուրս է գալի մի մարդակերպ Հ֊րեշ՝ առաջը մի գեղեցիկ կով։

— Բարի օր, ախպերացու, էդ ի՞նչ ես մոլորել, ի՞նչ ես միտք անում,— հարցնում է Հ֊րեշը։

Աղքատը պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես հիմի մնացել է անգործ, անճար ու չի իմանում, թե ոնց պետք է ապրեն ինքն ու իր կինը։

«Լսի՛, բարեկամ,—՝ ասում ՛է Հրեշը։— էս կաթնատու կովը ես քեզ կտամ երեք տարվան ժամանակով։ Ամեն օր էնքան կաթը տա, որ քու կնիկդ ու դու կուշտ-կուշտ ուտեք, ապրեք։ Երեք տարին լրացավ թե չէ, հենց էն գիշերը կգամ ձեզ հարց կտամ։ Թե հարցիս պատասխանեցիք՝ իմ կովը ձեզ լինի, թե չէ՝ երկուսդ էլ իմն եք, տանելու եմ, ինչ ուզեմ կանեմ։ Համաձայն ե՞ս։

— Մի բան՝ որ առանց էն էլ սովից մեռնելու ենք,— մտածում է աղքատը,— կովը կտանեմ, էս երեք տարին կապրենք, մինչև երեք տարվա լրանալն էլ աստված ողորմած է։ Մի տեղից մի դուռ կբացվի, կամ գուցե հենց պատասխանը տալիս ենք, ով գիտի…

— Համաձայն եմ,— ասում է, ու կովն առաջն անում, տանում տուն։

3

Երեք տարի կթում են, լիուլի ուտում, ապրում։ Չեն էլ նկատում, թե ինչպես անցավ երեք տարին, և ահա հասնում է նշանակած օրը, որ հրեշն էն գիշեր պիտի գա։

Մարդ ու կնիկ վերջալույսի տակ տխուր նստում են դռանը ու միտք են անում, թե ինչ պատասխան տան հրեշին կամ ով գիտի՝ ինչ կհարցնի նա. ո՞վ կիմանա Հ֊րեշի միտքը։

— Ա´յ թե ինչ դուրս կգա, երբ մարդ Հ֊րեշի հետ գործ բռնի… հրեշի հետ հաշիվ ունենա… հրեշից լավություն ընդունի…— հառաչելով զղջում էին մարդ ու կին, բայց անցկացածն անց էր կացել, էլ հնար չկար։ Իսկ զարհուրելի գիշերն արդեն վրա էր հասնում։

Էս ժամանակ նրանց մոտենում է մի անծանոթ գեղեցիկ երիտասարդ։

— Բարի իրիկուն,— ասում է,— ճամփորդ մարդ եմ. մութն ընկնում է, ես էլ հոգնած եմ, հյուր չե՞ք ընդունի ձեր տանն էս գիշեր։

— Ընչի չէ, ճամփորդ ախպեր, հյուրն աստծունն է։ Բայց մեզ մոտ վտանգավոր է էս գիշեր։ Մենք հրեշից մի կով ենք առել էն պայմանով, որ երեք տարի կթենք, ուտենք, երեք տարուց ետը գա մեզ հարց տա, թե պատասխանենք, կովը մեզ լինի, թե չէ՝ իր գերին ենք։ Հիմի ժամանակը լրացել է, էս գիշեր պիտի գա, մենք էլ չգիտենք, թե ինչ պատասխան տանք։ Հիմի մեզ ինչ անի մենք ենք մեղավոր, վայ թե քեզ էլ վնասի։

— Բան չկա, որտեղ դուք՝ էնտեղ էլ ես, պատասխանում է օտարականը։

Համաձայնում են. հյուրը մնում է։

Մին էլ կեսգիշերին դուռը դղրդում է։ Ո՞վ է.— Հրեշը։ Եկել եմ որ եկել եմ, դե պատասխանս տվեք։ — Ինչ պատասխան, սարսափից մարդ ու կնկա լեզուն կապվում է, մնում են տեդները քարացած։

— Մի՛ վախենաք, ես ձեր տեղակ սրա պատասխանը կտամ,— ասում է երիտասարդ հյուրը ու գնում է դեպի դուռը։

— Եկել ե՜մ,— դռան ետևից ձայն է տալիս Հրեշը։

— Ես էլ եմ եկե՜լ,— պատասխանում է ներսից հյուրը։

— Որտեղի՞ց ես եկել։

— Ծովի էն ափից։

— Ընչո՞վ ես եկել։

— Կաղ մոծակը թամքել եմ, վրեն նստել եմ, եկել։

— Ուրեմն ծովը պստիկ է եղել։

— Ի՜նչ պստիկ, արծիվը չի կարող մի ափից մյուսը թռչի։

— Ուրեմն արծիվը ճուտ է եղել։

— Ի՞նչ ճուտ, թևերի շվաքը քաղաք է ծածկում։

— Ուրեմն քաղաքը շատ է փոքրիկ։

— Ի՜նչ փոքրիկ, նապաստակը մի ծայրից մյուսը չի հասնի։

— Ուրեմն նապաստակը ձագ է։

— Ի՛նչ ձագ. մորթին մի մարդու քուրք դուրս կգա, գլխարկն ու տրեխն էլ ավել։

— Ուրեմն մարդը թզուկ է։

— Ի՜նչ թզուկ, ծնկան ծերին աքլորը ծուղրուղու կանչի, ձենը ականջը չի հասնիլ։

— Ուրեմն խուլ է։

— Ի՛նչ խուլ, սարում որ պախրեն խոտ պոկի, նա կլսի։ Հրեշը մնում է կապված, մոլորված. զգում է, որ ներսը մի ուժ կա իմաստուն, համարձակ, անհաղթելի, էլ չի իմանում ինչ ասի, սուս ու փուս քաշվում, կորչում է գիշերվա խավարի մեջ։

Սրանք նոր մեռած տեղներիցը ետ են գալի, ուրախանում աշխարհքովը մին են լինում։ Հետն էլ բացվում է բարի լուսը, և երիտասարդ հյուրը վեր է կենում, մնաք բարով է ասում, որ գնա իր ճանապարհը։

— Չենք թողնի, որ չենք թողնի,— առաջը կտրում են մարդ ու կին.— դու որ փրկեցիր մեր կյանքը, ասա՛, ինչով ետ վճարենք քո լավությունը…

— Չէ՜, անկարելի բան է, պետք է գնամ իմ ճանապարհը։

— Դե գոնե անունդ ասա, եթե լավությունդ կորչի ու չկարողանանք ետ վճար՛ել, գոնե իմանանք, թե ում ենք օրհնելու…

— Լավություն արա ու թեկուզ ջուրը գցի, չի կորչի։ Ես հենց էն Խոսող ձուկն եմ, որի կյանքը դու խնայեցիր…— ասում է անծանոթն ու չքանում ապշած մարդ ու կնկա աչքերից։

Թագավորի նոր զգեստը

                               Հանս Քրիստիան Անդերսեն

 

Այս թագավորության թագավորը հայտնի էր իր զգեստապաշտությամբ։ Նորաձևության գիտակ էր, շքեղության ջատագով, նրան ամեն օր նույն զգեստով տեսնելն ուղղակի անհնար էր։

Այլ ագավորություններից ժամանած խարդախները թագավորի  արքունիքին փոխանցում են, որ թագավորություն են եկել աշխարհի հայտնի ամենատաղանդավոր դերձակները, որոնք կախարդական կտորներից են զգեստենր կարում և այդ զգեստները կարող են տեսնել միայն խելոքները։

Թագավորին միանգամից հետաքրքրում է այդ նոր կտորի գոյությունը և նա խարդախ-դերձակներին հրավիրում է պալատ ու հրահանգում իր համար կախարդական կտորից մի զգեստ կարել։ Դերձակները զգուշացնում են, որ կտորն ունակ են տեսնել միայն խելացի մարդիկ, հիմարները զգեստը տեսնել չեն կարող։ Խարդախների առաջարկով ոգևորված ու խաբված թագավորը պալատում տեղ է հատկացնում եկվորներին ու հանձնարարում արքունականներին ամեն կերպ աջակցել նրանց։ Երբ աշխատանքը սկսվում է թագավորը ժամանակ առ ժամանակ իր ենթականերին ուղարկում է դերձակների մոտ, որպեսզի ճշտեն, թե ինչպե՞ս են անում իրենց գործը։

Հպատակները մտնելով դերձակների սենյակ կարի սեղանիկին ոչինչ չեն տեսնում, ոչ մի զգեստ, սակայն հիմար չթվալու համար վերադառնում են թագավորի մոտ ու ասում, որ զգեստն ուղղակի շքեղ է, փոռիկներով ու գույնզգույն փայլերով։ Ամբողջ թագավորությունով մեկ խոսքը փաստ է դառնում, և բոլորին հասնում է, որ միայն խելացիները կարող են տեսնել զգեստը, որը շուտով պիտի հագնի թագավորը։

Երբ դերձակ-խարդախները հայտարարում են, որ զգեստը պատրաստ է, գնում են թագավորի մոտ, որպեսզի նրան հանձնեն անտեսանելի հագուստը։

Սակայն թագավորը դերձակների բերած զեստը չի տեսնում և ամաչում է ամբողջ թագավորության աչքին հիմար երևալ ու սկսում է գովել անտեսնալի զգեստը, ապա հագնում է գոյություն չունեցող հագուստն ու դուրս է գալիս ժողովրդի մոտ։

Մի ամբողջ ժողովուրդ հիմարի տպավորություն չթողնելու համար ցնծությամբ է դիմավորում թագավորին ու գովաբանում նրա  զգեստը, որն իրականում գոյություն չուներ։

Թագավորը պարզապես մերկ էր։

Որոշ ժամանակ անց մի մանուկ դուրս է վազում թագավորի առաջ ու գոռում։

— Ախր թագավորը մերկ է։

Հավաքվածներն իսկույն սկսում են փսփսալ ու անկեղծանալով հաստատում, որ թագավորն իրոք մերկ է։ Դրան հաջորդում է ծիծաղն ու աղաղակը, թագավորի հետ չհամաձայնվելու կամ նրան ծաղրելու համար մեղադրվելու վախը վերանում է, իսկ թագավորը մտածում է․

— Սրանք բոլորը հիմար են, իսկ ես պիտի գնամ մինչև վերջ։

Ու քիթը ցցած նա առաջ է անցնում, հետևից քարշ տալով հպատակներին, որոնք բռնել էին գոյություն չունեցող զգեստի փեշերը։