Հինավուրց ավանդությունն ասում է, թե շատ տարիներ առաջ, երբ մարդիկ մեհենական սրբազան կրակի՝ ատրուշանի առջև ջերմեռանդորեն զոհեր էին մատուցում հեթանոս աստվածներին, Հայոց աշխարհի Բզնունյաց ծովում (այսպես էր կոչվում Վանա լիճը) դեռ ոչ մի կղզի չկար: Օրերից մի օր վիշապաքաղ Վահագն աստվածն իր սիրելիի՝ չքնաղատես Աստղիկի հետ նավակով զբոսնում էր ծովի վրա: Վաղորդյան շնկշնկան զեփյուռը քնքշորեն խաղում էր փրփրաջուն ալիքների հետ: Զմայլված երկնաքար ժայռերով շրջապատված ալեկոծ ծովակի գեղեցկությամբ՝ դիցուհին ասես ասում է, որ ծովը հանգստավայր չունի: Եվ հրավառ, բոցամորուս Վահագնը բարձրանում է Հայկական պարի կատարները, վիթխարի ժայռաբեկորներ պոկում և նետում ծովի ալիքների մեջ: Առաջանում են Աղթամար, Կտուց և Լիմ կղզիները: Նրբագեղ դիցուհին պահանջում է, որ այդ կղզիներից մեկի վրա կառուցվի աշխարհի ամենաշքեղ տաճարը՝ որպես առհավատչյա իրենց անշեջ սիրո: Վահագնը գործի է դնում իր աստվածային քանքարը, և արեգակաշող Աղթամար կղզու վրա բարձրանում է Վահեվահյան անձեռակերտ մեհյան-տաճարը:
«Գեղեցիկ է, բայց ամենագեղեցիկը չէ»,- ասում է քմահաճ դիցուհին և հեռանում՝ դեմքը խոժոռած:
Անցնում են դարեր: Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու կարգադրությամբ և հռչակավոր վարպետ Մանվելի գլխավորությամբ գործի են անցնում վեց հազար վարպետներ՝ անթիվ-անհամար օժանդակներով: Եվ վեց-յոթ երկար ու ձիգ տարիների ընթացքում վեր է խոյանում Աղթամարի գեղաշուք տաճարը: