Հասարակագիտություն 8

Կոռուպցիա, անձնական կամ այլ շահադիտական նպատակով, տարբեր ձևերով արտահայտված (գործողությամբ կամ անգործությամբ) ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահումն է։ Կոռուպցիան որպես վստահված իշխանության չարաշահում ունի մի շարք դրսևորումներ և բազում «նրբերանգներ», որոնցից են կաշառակերությունը` կաշառք ստանալը, տալը, կաշառքի միջնորդությունը, կաշառքի շորթումը, հովանավորչությունը, պաշտոնական դիրքի կամ կապերի չարաշահումը, պաշտոնական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը, պաշտոնական կեղծիքը, պաշտոնական դիրքի օգտագործմամբ պետական սեփականության յուրացումն ու վատնումը, ինչպես նաև պաշտոնեական այլ չարաշահումները[1]։

Կոռուպցիա տերմինը առաջացել է լատիներեն «corruptus» և «corrumpere» բառերից, որոնք  նշանակում են փչացում, այլասերում, վարակում, ապականում, աղճատում, աղավաղում, կաշառում և այլն[2]։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (ԹԻ) միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության սահմանման համաձայն` կոռուպցիան ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահումն է` անձնական օգուտ ստանալու նպատակով[3]։

Քլիթգարդը, ով համարվում է ակադեմիական հակակոռուպցիոն հետազոտությունների հեղինակ, առաջ է բերել կոռուպցիայի առաջացման պատճառների ֆորմուլան, որը սահմանում է՝ Կ=Մ+Հ-Հ (կոռուպցիան հավասար է մենաշնորհ+հայեցողություն-հաշվետվողականություն)։ Այս ֆորմուլան առաջինը հայտնվել է Քլիթգարդի 1988 թվականին տպագրված «Վերահսկելով կոռուպցիան» գրքում։ Կա կարծիք, որ Քլիթգարդի կոռուպցիայի ֆորմուլան շեղող ազդեցություն կարող է ունենալ, այդպիսով կարող է վտանգավոր լինել[4]։

Ըստ Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի մասին քաղաքացիական իրավունքի կոնվեցիայի կոռուպցիա նշանակում է՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն կաշառք կամ որևէ անհիմն օգուտ կամ այդպիսի օգուտի խոստում պահանջելը, առաջարկելը, տալը կամ ընդունելը, որը խախտում է կաշառք, անհիմն օգուտ կամ այդպիսի օգուտի խոստում պահանջողի կողմից ցանկացած պարտականության պատշաճ կատարումը կամ պահանջվող վարքագիծը[5]։

Երկրում կոռուպցիայի առկայությունը բացասական ազդեցություն է ունենում բոլոր մարդկանց վրա, դա մեծամասամբ դրսևորվում է մարդկանց իրավունքների խախտմամբ։ Կոռուպցիան ազդում է մարդկանց առողջության, ազատության, անգամ կյանքի վրա։ Այն ոչնչացնում է ժողովրդավարությունը և երկրի իշխանության հանդեպ հավատը։ Կոռուպցիան նաև նվազեցնում է ավելի առողջ շրջակա միջավայր ունենալու հավանականությունը։ Կոռուպցիան խաթարում է երկրի տնտեսական, սոցիալական և իրավական հիմքերը, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը երկրում հաստատում է բազմակողմանի և կայուն զարգացում[6]։Կոռուպցիան զարգացման վրա բացասական ազդեցություն ունի։ Այն խանգարում է տնտեսական աճին, կրճատում է սոցիալական ծառայությունները և արգելք է հանդիսանում ենթակառուցվածքներում ներդրումների համար։Կոռուպցիան ստեղծում է հակաժողովրդավարական միջավայր, որն ուղեկցվում է անվստահությամբ, այն անտեսում է բարոյական նորմերը և անհարգանք սերմանում պետական կառույցների և իշխանությունների հանդեպ[7]։

Թողնել մեկնաբանություն