Պատմություն 8Աղբյուր Սերոբ 08.12.2023

Աղբյուր Սերոբ (իսկական անունը՝ Սերոբ Վարդանյան, 1864[1], Սղարդ, Օսմանյան կայսրություն[1] — հոկտեմբերի 24 (նոյեմբերի 5), 1899[2], Գելիեգուզան, Օսմանյան կայսրություն[1]), հայ ազգային ազատագրական շարժման հերոս, ֆիդայի։

Վաղ տարիքում ընդհարվելով քրդերի հետ` սպանել է նրանցից մեկին ու անցել արտասահման։ Հրայր Դժոխքին Ռումինիայում հանդիպելուց հետո որոշել է վերադառնալ Արևմտյան Հայաստան և զբաղվել իր հայրենիքի պաշտպանությամբ։ Հայաստան իսկ մտնելու պահին նա հանդիպել է թշնամու ջոկատին և կարողացել է իր խմբով հակահարված տալ նրանց։

Սերոբն առավել աչքի է ընկել իր հայրենի Սողորդ գյուղի պաշտպանության, իսկ այնուհետև Բաբշենի ինքնապաշտպանության ժամանակ։ Սերոբի ջոկատը գործ է ունեցել Թուրքիայի այլ շրջաններից Խլաթ եկած քրդական և թուրքական բանակի հետ, որոնք ծանոթ չէին տեղանքին։ Այդ հանգամանքը Սերոբը աշխատել է միանգամից օգտագործել և ժամանակ չտալ թշնամիներին, որ վերջիններս տեղացի քուրդ գտնեն իրենց ցուցումներ տալու համար։

Շնորհիվ Սերոբի` Արևմտյան Հայաստանում ամենաքիչ ջարդերը տեղի են ունենում Խլաթ գավառում, որի համար էլ ժողովուրդը նրան տալիս է Աղբյուր անունը։ Իր կատարած քաջագործությունների համար կոչվել է նաև «Նեմրութի հսկա» կամ «Նեմրութի ասլան»։

Բաբշենի մարտերից հետո Աղբյուր Սերոբի համար թուրքերը մեծ գլխագին են նշանակում և սկսում են հարձակվել անմեղ գյուղացիների վրա։ Դրա համար էլ Սերոբն իր ընտանիքի հետ գնում է Սասուն և գլխավորում է այնպիսի ֆիդայիների, որոնցից էին օրինակ Անդրանիկն ու Գևորգ Չաուշը։