ա. Բայի հիմքը պարզ է, եթե վերջավորությունից առաջ բայածանց չկա՝ երգել, նկարել, արտագրել, գունաթափել: Այս բայերի երգ -, նկար -, արտագր -, գունաթափ- հիմքերը պարզ են, թեև արտագր — հիմքում կա նախածանց, իսկ գունաթափ- հիմքում՝ երկու արմատ և հոդակապ: Սակայն դրանք համարվում են պարզ հիմքեր, որովհետև դրանցում բայածանց չկա:
բ. Բայի հիմքը ածանցավոր է, եթե վերջավորությունից առաջ կա որևէ բայածանց՝ փախչել, հեռանալ, վազեցնել, կոտրատել, կառուցվել: Այս բայերի փախչ -, հեռան -, կոտրատ-, կառուցվ- հիմքերը ածանցավոր են:
Անորոշ դերբայի պարզ հիմք ունեցող բայերը կոչվում են պարզ բայեր:
Ածանցավոր հիմք ունեցող բայերը կոչվում են ածանցավոր բայեր:
Ածանցավոր բայերը չորս տեսակի են` սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական և կրավորական:
Սոսկածանցներն են՝ ան, են, ն, չ` մեծ-ան-ալ, վախ-են-ալ, գտ-ն-ել, կոր-չ-ել և այլն:
Պարզ և սոսկածանցավոր բայերից կազմվում են պատճառական, բազմապատկական և կրավորական բայեր:
Պատճառական ածանցներն են՝ ացն, եցն, ցն:
Պատճառական բայերը կազմվում են`
1. Ա խոնարհման պարզ և ան սոսկածանցավոր բայերից` ացն ածանցով` խաղալ-խաղացնել, քարանալ-քարացնել:
2. Ե խոնարհման պարզ և են սոսկածանցավոր բայերից` եցն ածանցով` քայլել-քայլեցնել, վախենալ-վախեցնել:
3.Ն, չ սոսկածանցավոր բայերից` ցն ածանցով` հասնել-հասցնել, փախչել-փախցնել:
Կան շատ բայեր, որոնցից ածանցներով պատճառական բայ չի կազմվում: Այսպիսի բայերի պատճառականը կազմվում է տալ բայի հարադրությամբ` բերել-բերել տալ, զարդարել-զարդարել տալ և այլն:
Բազմապատկական բայերը ցույց են տալիս գործողության կրկնություն:
Բազմապատկական ածանցներն են՝ ատ, ոտ, կոտ, տ` կտրել-կտրատել, խոցել-խոցոտել, թռչել-թռչկոտել, պատռել-պատռտել:
Կան ոտ տառակապակցություն ունեցող բայեր, որոնք բազմապատկական չեն. Դրանք կազմված են ոտ ածանց ունեցող ածականներից` ժանգոտել, ալրոտել, և չունեն իրենց առանց ոտ ածանցի ձևերը:
Ածանցներով բազմապատկական բայեր կազմվում են շատ քիչ բայերից: Բազմապատկական բայեր են կազմվում նաև արմատի կրկնությամբ` վազել-վազվզել, քաշել-քաշքշել, կապել-կապկպել և այլն, դարձյալ ոչ բոլոր բայերից:
Կազմությամբ կրավորական կոչվում են այն բայերը, որոնց կազմում կա կրավորական ածանց:
Կրավորական ածանցն է վ -ն` գրել-գրվել, կառուցել-կառուցվել, հեռանալ-հեռացվել, կարդալ-կարդացվել:
Առաջադրանքներ
1․Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:
Օրինակ`
տես — տեսնել, բարձր — բարձրանալ:
Ա. Ընկեր, թանձր, խոր:
Բ. Վախ, կամ, մոտ:
Գ. Հաս, անց, հագ:
Դ-. Թիռ, սառ, կիպ:
2.Տրված բայերը պատճառական դարձնող ածանցները թվի՛ր:
Մեծացնել, հեռացնել, գգացնել, վախեցնել, հիշեցնեյ, թռցնել, տեսցնել:
3․Փակագծում դրված բայերն այնպես գրիր, որ ի՞նչ արեց (ի՞նչ արեցի, արեցիր, արեցինք, արեցիք, արեցին) հարցին պատասխանեն:
Դուք ինչ-որ երերուն տախտակի վրա (ամրացնել) այդ վանդակը:
Ինչո՞ւ դու քո հոտն իմ դաշտում (արածեցնել):
Նա իր ձիուն (մեծացնել) չամչով ու գարիով:
Ես հավանաբար (ձանձրացնել) ունկնդիրներին:
Մենք անզգուշորեն (թռցնել) արևկող անող թռչուններին:
Լրացուցիչ աշխատանք
Կարդա տեքստը, կատարիր առաջադրանքները։
Ինչո՞ւ են մարդիկ վիճելիս բարձրացնում ձայնը
Մի անգամ Ուսուցիչը աշակերտներին հարցրեց.
– Ինչո՞ւ են մարդիկ վեճերի ժամանակ բարձրացնում ձայնը:
– Երևի նրանք կորցնում են հանգստությունը,- ենթադրեց աշակերտներից մեկը:
– Բայց ինչո՞ւ ձայն բարձրացնել, եթե 2-րդ մարդը կանգնած է կողքիդ,- կրկին պնդեց Ուսուցիչը:
Աշակերտները շփոթված թոթվեցին ուսերը: Ակնհայտ էր, որ այդ մասին նրանք չեն մտածել: Այդ ժամանակ Ուսուցիչն ասաց.
– Երբ մարդիկ վիճում են, և նրանց դժգոհությունը մեծանում է, նրանց սրտերը հեռանում են միմյանցից, ու դրա հետ միասին՝ հեռանում են նաև նրանց հոգիները, և որպեսզի միմյանց լսեն, նրանք ստիպված բարձրացնում են ձայնը: Եվ ինչքան նրանց բարկությունն ու չարությունը մեծ է, այնքան բարձր են նրանք գոռում: Իսկ երբ մարդիկ սիրահարված են լինում, նրանք ձայն չեն բարձրացնում, այլ շատ ցածր են խոսում, քանի որ նրանց սրտերը շատ մոտ են գտնվում իրար, իսկ նրանց միջև եղած հեռավորությունը ջնջվում է: Իսկ երբ մարդկանց սերն է իշխում, նրանք անգամ չեն խոսում, շշնջում են, իսկ երբեմն էլ ոչ մի բառ պետք չի լինում միմյանց հասկանալու համար. նրանց աչքերն ամեն ինչ ասում են: Մի մոռացեք, որ վեճերը ձեզ հեռացնում են միմյանցից, իսկ բարձր արտաբերված խոսքերն այդ հեռավորությունը մեծացնում են մի քանի անգամ: Մի չարաշահեք այն, քանի որ կգա մի օր, երբ այդ հեռավորությունն այնքան մեծ կլինի, որ հետդարձի ճանապարհն այլևս չեք գտնի:
Առաջադրանքներ:
1.Տեքստից դուրս գրիր բոլոր բայերը և կազմիր ուղիղ ձևերը:
Օրինակ՝ հարցրեց-հարցնել
2.Բառարանի օգնությամբ գրիր տրված բայերի հոմանիշները:
Ենթադրել-
պնդել-
իշխել-
արտաբերել-
թոթվել-
ջնջել-
շշնջալ-
ստիպել-
գոռալ-
վիճել-
շփոթվել-
3.Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:
Օրինակ` բարձր — բարձրանալ:
Առաջ, խիտ, խոր, նոսր, մահ, կույր, բազում, ուրախ, ծեր, գեղեցիկ, վախ, կամ, մոտ, հաս, անց, հագ, թիռ, սառ, կիպ, տես:
Աղբյուրը՝ Ս․ Մարկոսյան «Գործնական քերականություն», Կարինե Պետրոսյանի բլոգ