Եզան լեզու (նաև գաղտիկուր, ջղախոտ) կոչվող դեղաբույսը, որի 30 տարատեսակներն աճում են ՀՀ գրեթե բոլոր մարզերում, ժողովրդական բժշկության մեջ կիրառվել է անհիշելի ժամանակներից: Այն օգտագործվել է բրոնխիտների, թոքերի պալարախտի, կապույտ հազի, տարբեր բնույթի ջերմերի, աղեստամոքսային տրակտի մի շարք հիվանդությունների բուժման, կանխարգելման և մարսողության կարգավորման նպատակով:
Հայ դասական բժշկության հիմնադիր, բնագետ Մխիթար Հերացին, նշված հիվանդությունները եզան լեզվով բուժելուց բացի (նկարագրված են հեղինակի 1180-ական թվականների «Ջերմանց մխիթարություն» մատենագիտությունում), բույսի տրորված սերմերը խառնել է գազ և օձագալար կոչվող բույսերի խեժահյութերին և ստացված քսուքն օգտագործել է այրվածքների, կարմիր քամու, ֆլեգմոնայի, մոլոքորի և քոսի դեմ: