Կնոջ դերը հայ հասարակարգում. Կեռան թագուհի

Պատմաբան Վահե Անթանեսյանը, գնահատելով կնոջ բացառիկ դերը հայոց հասարակարգում, իր միկրոբլոգում ներկայացրել է Կիլիկյան թագավորության Կեռան թագուհուն:

Կնոջ դերը հայ հասարակարգում միշտ էլ բարձր է եղել ու ըստ արժանավույն գնահատված: Կինը ծնող մայր է, դաստիարակ, նա տանտիրուհի է, ամուսնու հավատարիմ զինակիցն ու թիկունքը: Իսկ երբ այդ կինը նաև թագուհին է հայոց, սոցիալական խնդիրներին ավելանում են նաև հասարակական պարտավորություններ: Մեր պատմության մեջ ունենք դրվագներ, երբ հայոց Փառանձեմ թագուհին է բանակներ առաջնորդել պարսից ահեղ արքա Շապուհի դեմ, ունենք դրվագ, երբ հայոց հզոր տիրակալի՝ Լևոն Բ Մեծագործի կինը՝ Զապել թագուհին, իր իսկ բացաց հասարակական հիվանդանոցում հոգ էր տանում և խնամում շարքային քաղաքացիներին…

Այս շարքում իր բացառիկ տեղն ունի նաև Կիլիկյան Հայաստանի Լևոն Գ Հեթումյան արքայի (1270-1289) կինը՝ Աննա թագուհին, ով պատմության մեջ հայտնի է Կեռան թագուհի անվամբ…

Ժողովուրդը և պալատականները հայոց թագուհուն կոչում էին Տիրուհի: Տիրուհի բառը հունարենում հնչում է ՙկիռ՚: Եվ Կիռ-Աննան աստիճանաբար դարձավ Կեռան….

Կեռան թագուհին Լևոն Գ արքայի կինն էր: Լևոն Գ որդին էր Կիլիկիո Հեթում Ա Հեթումյան արքայի (1226-1270), ով իր երկարատև գահակալման ժամանակ կարողացավ երկիրը զերծ պահել մոնղոլական ավերիչ արշավանքներից ու որդուն փոխանցել շեն ու բարգավաճ մի թագավորություն: Լևոն Գ թագավորեց 1270-1289 թվականներին ու շարունակեց հոր քաղաքականությունը: Հայոց թագուհին իր դիրքին համապատասխան մասնակցում էր պետական խնդիրների քննարկմանը, որոշումների ընդունմանն ու ամենուր ապավենն ու աջակիցն էր ամուսնու: ՙԿեռան թագուհու ավետարանի՚ գրիչ Ավետիսը նրա մասին նշել է,որ նա Լևոնի համար եղել է իբրև ՙզկենաց կցորղ և զբանից ընկեր՚:

Լևոն Գ թագավորության օրերին Կիլիկիայում ծաղկում էին մշակույթը, արվեստները, արհեստները: Այս գործում մեծ էր հայոց թագուհու՝ Կեռանի դերակատարությունը: Հենց Կեռան թագուհու նախաձեռնությամբ ու հովանավորչությամբ Սիս մայրաքաղաքում գրվեց ՙԿեռան թագուհու ավետարանը՚, որի ծաղկողը եղել է միջնադարի անվանի մանրանկարիչ Թորոս Ռոսլինի աշակերտներից մեկը, իսկ ընդօրինակողն էր հայտնի գրիչ Ավետիսը: ՙԿեռան թագուհու ավետարանը՚ պահպանվում է Երուսաղեմի սուրբ Հակոբի վանքում: Այս ձեռագիրը հայկական միջնադարյան արվեստի ամենանուրբ ու գեղեցիկ գործերից է հանդիսանում:

Կեռան թագուհու անմիջական նախաձեռնությամբ Կիլիկիայում եկեղեցիներ, վանքեր են կառուցվել, ձեռագրեր ընդօրինակվել…

Լևոն արքայազնը իշխանուհի Աննայի հետ ամուսնացել է 1262 թվականին: Բազում թեկնածուների մեջ հայոց արքայազնը ընտրեց իր ազգականի՝ Լամբրոնի բերդատեր Հեթում իշխանի դստերը՝ գեղանի Աննային, ով աչքի էր ընկնում խոհեմությամբ, նազանքով, բարձրահասակ էր, գեղեցիկ ու նրբակազմ: Ինչպես հետագայում Հեթում Բ արքան է բնութգրել մորը՝ Կեռան թագուհին ՙհոգով ամենագովելի և մարմնով գեղեցիկ թագուհի էր՚:

Պատմիչները նշում են, որ Լևոնի և Աննայի հարսանիքը ճոխ է եղել, որն ուղեկցվել է համաժողովրդական տոնախմբությամբ, մարզախաղերով: Հավանաբար, այն եղել է Նավասարդ ամսին և համընկել ամանորին ու Նավասարդյան խաղերին:

Կեռան թագուհին և Լևոն Գ արքան համատեղ ամուսնության 21 տարիների ընթացքում ունեցան 15 երեխա. (երեք անգամ զույգ), որոնցից երկուսը մահացել էին, իսկ տասներեքին անձամբ թագուհին սնեց ու դաստիարակեց:

Արքայական տան առաջին զավակը լույս աշխարհ է եկել 1263 թվականի ապրիլի 4-ին: Նա աղջիկ էր և Մայր Թագուհու՝ Լևոն Բ Մեծագործի դստեր պատվին անվանակոչեցին Զապել կամ Զաբլուն:

Մեկ տարի անց՝ 1265 թվականի մայիսի 4-ին ծնվեց արքայական ընտանիքի անդրանիկ որդին՝ ում պապի՝ հայոց Հեթում Ա արքայի պատվին Հեթում կոչեցին: Նա հետագայում ժառանգեց հայոց գահը և… ցավոք եղավ երբեմնի թագավորած ամենաթուլամորթ ու անկամ հայոց թագակիրներից մեկը՝ Հեթում Բ:

1266 թվականին ծնվել է դուստր Ֆիմին, 1269 թվականին՝ դուստր Սիպիլը, 1270 թվականին՝ արքայազն Թորոսը, 1272 թվականին՝ Ռուբենը… ապա՝ Սմբատ, Կոստանդին, Ռիթա, Թեոֆանե, Ներսես, Օշին, Ալիխան զավակները… առհասարակ, Կեռան թագուհին աշխարհի ամենաբազմազավակ թագակիրն է եղել… ՙԿեռան թագուհու ավետարանում՚ պահպանվել է արքայական գերդաստանի մանրանկարը, ուր պատկերված են թագավորը, թագուհին և նրանց զավակները:

Նրա զավակները ցավոք, աչքի չընկան միաբանությամբ ու նվիրումով. Հեթում Բ արքան իր գահակալման ընթացքում… չորս անգամ հրաժարվեց գահից ու վանք մտավ… մյուս զավակները եղբայրասպան պատերազմներ մղելով իրար դեմ՝ Թորոսը, Սմբատը, Օշինը, Կոստանդինը հերթով բազմեցին հայոց գահին:

Կեռան թագուհին մոլեռանդ քրիստոնյա էր: Նա իր ամուսնու վաղաժամ մահից հետո վանք մտավ, թողեց աշխարհիկ կյանքն ու գործեց որպես Մայր Թևաննա՝ մնացյալ կյանքը նվիրելով հոգևորին ու ապրելով բարեգործություններով:

Հենց վանքում էլ նա մահկանացուն կնքեց 1285 թվականի հուլիսի 28-ին: Հայոց թագուհու մարմինն ամփոփվեց Դրազարկի վանքում՝ արքայական տապանատանը:

Գետեր
Գետերը, լճերը, ճահիճները, ստորերկրյա ջրերը և սառցադաշտերը համարվում են ցամաքային ջրեր: Դրանք կազմում են Երկրի ջրերի միայն 1/30 մասը:
Երկրի մակերևույթի վրա թափվող մթնոլորտային տեղումների մի մասը ներծծվում է, մի մասը՝ գոլորշիանում, իսկ մնացածը սկսում է հոսել փոքր առվակների տեսքով, որոնք, միանալով իրար, կազմում են գետակներ և գետեր: Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը: Գետը ջրի բնական և մշտական հոսք է, որն ընթանում է իր մշակած հունով:

Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունը, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում է գետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասը՝ հուն:
Այն տեղը, որտեղից սկիզբ է առնում գետը, կոչվում է ակունք: Ակունք կարող են լինել աղբյուրը, լիճը: Օրինակ՝ Սևանա լիճը Հրազդան գետի ակունքն է:
Այն տեղը, որտեղ գետը թափվում է մեկ ուրիշ գետի, լճի, ծովի մեջ, կոչվում է գետաբերան: Օրինակ՝ Հրազդանի գետաբերանն Արաքս գետն է:
Գլխավոր կամ մայր գետին աջից ու ձախից միացող գետերը, գետակները, առվակները կոչվում են վտակներ:
Գետերը լինում են լեռնային և հարթավայրային:
Լեռնային գետերին բնորոշ են նաև սահանքները և ջրվեժները, որոնք նույնպես առաջանում են ջրի քայքայիչ աշխատանքի հետևանքով:
Սահանքները գետի հունի ծանծաղ, քարքարոտ տեղամասերն են, որոնք վտանգավոր են նավարկության համար:
Ջրվեժները գետի հունի խզված, աստիճանակերպ տեղամասերն են, որտեղից ջուրը գահավիժում է ներքև: Աշխարհի ամենաբարձր ջրվեժը՝ Անխելը, ունի 1054 մ բարձրություն և գտնվում է Հարավային Ամերիկայում: Մեր երկրում հայտնի ջրվեժներից են Ջերմուկը (60 մ), Շաքին (18 մ):
Գետերի սնումը: Գետերի սնման հիմնական աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային ջրերը, ստորերկրյա ջրերը: Անձրևաջրերով սնվող գետերից հայտնի են Ամազոնը, Կոնգոն: Ձնհալքային սնում ունեն Օբը, Ենիսեյը: Սառցադաշտերի հալոցքային ջրերից են սնվում բարձր լեռնային գետերը՝ Ամուդարյա, Սիրդարյա: Ստորերկրյա սնմամբ գետերը հիմնականում գտնվում են հրաբխային շրջաններում և համեմատաբար փոքր են: Տիպիկ ստորերկրյա սնմամբ գետ է Սևջուրը՝ Հայաստանում:
Ամեն տարի նույն սեզոնին, որոշակի ժամանակով, գետի ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է հորդացում: Օրինակ՝ Հայաստանում գետերը հորդանում են գարնանը:
Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումը՝ տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում:
Չորային շրջաններում, շատ հաճախ, վարարման հետևանքով գետի ջրի մեջ ավելանում է կոշտ նյութի քանակը, և առաջանում է սելավ: Վարարումներ և սելավներ շատ են դիտվում նաև Հայաստանում՝ պատճառելով մեծ վնասներ:
Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է գետը:Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը: Գետը ջրի բնական և մշտական հոսք է, որն ընթանում է իր մշակած հունով:
  2. Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը:Գետերը լինում են լեռնային և հարթավայրային։
  3. Գետերի սնման ի՞նչ աղբյուրներ գիտեք: Բերեք օրինակներ:Գետերի սնման հիմնական աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային ջրերը, ստորերկրյա ջրերը:
  4. Ի՞նչ տարբերություն կա հորդացման և վարարման միջև:գետի ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է հորդացում:Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումը՝ տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում: