Թագավորական թարգմանիչը կղզու բնակիչներին հարցեր է տալիս լատիներեն, հունարեն, անգամ հայերեն, բայց՝ անօգուտ: Նրան չեն հասկանում: Իսպանացիներին զարմացնում էր բնիկների ոսկյա զարդերի առատությունը, որը նրանք հեշտությամբ փոխանակում էին շատ հասարակ իրերի հետ:Այդ կղզին իսպանական տիրապետություն հայտարարելուց հետո, Կոլումբոսը շարունակում է նավարկել դեպի արևմուտք և հայտնագործում է Կուբա կղզին:
Կոլումբոսը կարծում էր, թե ինքը հասել է Չինաստանի արևելյան ափերը, Հնդկաստան, սակայն նա այստեղ չտեսավ ոչ հարուստ քաղաքներ, ոչ թանկարժեք քարեր ու ոսկի և ոչ էլ համեմունք: Փոխարենը նրանք առաջին անգամ ծանոթանում են ծխախոտի գործածությանը, կարտոֆիլի, լոլիկի, սեխի, Եգիպտացորենի և եվրոպացիներին մինչ այդ անծանոթ շատ այլ մշակաբույսերի, որոնք հետագայում տարածվեցին բոլոր մայրցամաքներում:
Երկար փորձություններից ու մեծ արկածներից հետո 1493 թվականի հունիսի 16-ին Կոլումբոսը վերադառնում է Իսպանիա: Իսպանիայում նա ընդունվեց մեծ շուքով ու ցնծությամբ և Թագավորական հրովարտակով մեծարվեց որպես ծովակալ և հայտնագործված Երկրների փոխարքա: Նրա հաղթանակը լիակատար էր: Դրանից հետո Կոլումբոսը 1493-1504 թվականների ընթացքում ևս երեք անգամ ուղևորվեց դեպի արևմուտք, հայտնաբերեց նորանոր կղզիներ ու Երկրներ, սակայն մինչև իր կյանքի վերջն էլ նա համոզված էր, որ հասել է Ասիայի արևելյան ափերին, Հնդկաստան: Նույնիսկ տեղաբնիկներին սխալմամբ հնդկացիներ անվանեց:
Կոլումբոսի մահից հետո մարդիկ իմացան, որ նրա հայտնաբերածը ոչ թե Ասիան է, այլ Նոր աշխարհ: Կոլումբոսի մեծագույն սխալը աշխարհագրական մեծագույն հայտնագործության պատճառ էր դարձել:
Իսկ ինչո՞ւ Նոր աշխարհը Կոլումբիա կոչվելու փոխարեն անարդարացիորեն Ամերիկա կոչվեց: Նոր աշխարհամասը Ամերիկա անվանվեց ի պատիվ մեկ այլ ճանապարհորդի՝ Ամերիգո Վեսպուչիի, որն առաջինը այն կարծիքը հայտնեց, որ Կոլումբոսը հայտնագործել է ոչ թե Ասիա տանող նոր ծովային ուղին, այլ Նոր աշխարհ: